Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեան Պաքուի բանտէն յղած է հետեւեալ ուղերձը, որ ընտանիքին միջոցով հրապարակուած է.
«Ողջունում եմ բոլորին:
«Երէկ Պաքուի վերաքննիչ դատարանում տեղի ունեցաւ նախնական դատական նիստ` կապուած մեր բողոքարկման հետ: Փետրուարի 5ի Պաքուի ռազմական դատարանի վճիռը մենք բողոքարկել ենք, եւ երէկ արդէն այդ դատը սկսուեց: Յունիսի 2ին նշանակուած է առաջին դատական նիստը:
«Գիտէք, «խաղաղութիւն եւ դատավարութիւն» շատ իւրայատուկ են, մանաւանդ հաշուի առնելով այն հանգամանքը, որ այդ վճիռը` ձգձգումներով եւ արհեստական խոչընդոտներով, մեզ է փոխանցուել Ապրիլի 21ին: Եւ զարմանալի չի լինի, եթէ ասեմ, որ մինչեւ հիմա ոչ պաշտպանական կողմը, ոչ մեղադրող կողմը ընդհանրապէս չեն ստացել այդ դատավճռի ամբողջական թեքսթը․ ստացել են միայն քաղուածքը:
«Երէկ իմ կողմից անձամբ միջնորդեցի, որպէսզի դատարանը թէ՛ պաշտպաններին, թէ՛ իմ բոլոր պաշտպաններին տրամադրի դատավճռի ամբողջական տարբերակը, ինչպէս նաեւ մեղադրական ակտի (որոշումի) ամբողջական տարբերակը: Բայց դատարանը զարմանալիօրէն եւ ինչ-որ տեղ նաեւ հասկանալիօրէն մերժեց իմ միջնորդութիւնը:
«2024 թուականի Դեկտեմբերի 17ից մինչեւ հիմա ընթացող, մօտ երկու տարի ձգձգուող այս դատական գործընթացի ընթացքում մեղադրական ակտը նոյնիսկ պաշտպանական կողմը չունի եւ չի տրամադրւում:
«Ես որեւէ առիթ կ՛ունենամ խօսելու դատապրոցեսի (դատական գործընթացի) մասին, կ՛ունենամ նաեւ խօսելու ընդհանուր ընթացքի եւ հանրայնացման մասին: Այս անգամ, կարծում եմ, կը բաւարարուեմ դրանով:
«Միայն պիտի ասեմ, որ նրանք, ովքեր կարողանան ծանօթանալ մեղադրական ակտի 15 բաժիններին, արդէն անմիջապէս կարող են պատկերացում կազմել, թէ ինչ է տեղի ունենում: Այսինքն` այդ «արդար, ազատ, բաց դատավարութիւն» ասուածը ֆիկցիա (մտացածին) է․ որեւէ բան չկայ, եւ այն ամբողջապէս վերահսկուող, գրաքննութեան տակ գտնուող հաշուեյարդարի դատավարութիւն է:
«Այդ առումով նաեւ հանրայնացումը նոյն կերպ է տեղի ունենում` մամուլով մոլորեցնելով Ատրպէյճանի հասարակութեանը եւ փորձելով մոլորեցնել նաեւ միջազգային հանրութեանը:
«Երէկ ես նաեւ երկու հարց բարձրացրի․ առաջինը` բաց դատավարութեան կազմակերպման եւ օնլայն (առցանց) հեռարձակման վերաբերեալ: Նոյն առաջարկը ես արել էի առաջին ատեանի դատարանում, բայց այն մերժուել էր, եւ երէկ էլ կրկին մերժուեց:
«Երկրորդ առաջարկս այն էր, որ լրատուամիջոցների ներկայացուցիչները, AZtv-ի, ովքեր ներկայ են դատական նիստերին, որոշ դէպքերում արգելուեն մասնակցելու` իրենց ապատեղեկատուութեան եւ մանիպուլեատիւ (շահարկող) գործողութիւնների պատճառով: Սա եւս մերժուեց:
«Ինչեւէ, այս հարցը թողնենք մի կողմ: Կարծում եմ` այստեղ ոչ անյայտ կարեւոր պաշտպաններից մէկն իր խօսքի ընթացքում բարձրաձայնեց եւ պարզապէս ասաց, որ մենք մեր սերունդների առաջ ամաչելու ենք այսպիսի դատավարութիւն կազմակերպելու համար: Դա էր ամբողջ գնահատականը:
«Ընդհանուր առմամբ պիտի ասեմ` դա տրագիկոմեդիա (ողբերգակատակերգութիւն) է, եւ Ֆրանց Կաֆկան կը ցանկանար ներկայ գտնուել այս դատավարութեանը, որպէսզի գրեր իր «դատավարութեան» երկրորդ մասը:
«Յաջորդը, ինչի մասին ուզում էի խօսել, մարդու իրաւունքների պաշտպանին ուղղուած իմ բանաւոր դիմումն է: 2025 թուականի Մայիսի 6ին ես բանաւոր կերպով դիմել եմ Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, որպէսզի նա որեւէ ձեւով ստանայ եւ իմ ընտանիքին փոխանցի դատավճռի ամբողջական` հայերէն եւ ատրպէյճաներէն տարբերակները:
«Նոյն խնդրանքը փոխանցել եմ նաեւ Ատրպէյճանի օմբուդսմենին (մարդու իրաւունքներու պաշտպանին), ով Մայիսի 5ին մեր հետ հանդիպման էր: Ես դեռ Մարտի 12ին նամակ էի պատրաստել, բայց երկու ամիս չէի կարողանում փոխանցել․ վերջապէս փոխանցեցի:
«Խոստացել էին, որ որեւէ քայլ կ՛արուի, որպէսզի ատրպէյճաներէն տարբերակը հասնի իմ ընտանիքին եւ հարազատներին, բայց մինչ այժմ ոչ Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանից, ոչ Ատրպէյճանի կողմից որեւէ նորութիւն չկայ: Ես սպասում եմ, ինչպէս նաեւ իմ ընտանիքը:
«Դատավարութեան հետ կապուած պիտի ասեմ` սա ձգձգուող եւ քաղաքական գործընթացներին համապատասխանեցուող դատավարութիւն է: Եւ զարմանալի չէ, որ պիտի անդրադառնամ նաեւ այն նիւթին, որը կարծում եմ, հանրութեան համար էլ հասկանալի կը լինի:
«Երկու-երեք ամիս առաջ, երբ դեռ 2024 թուականի Յունուար-Փետրուար ամիսներին այստեղ էինք, պաշտօնական անձինք, ովքեր մեզ հետ շփւում էին, անուղղակիօրէն հասկացնում էին, որ՝ «դուք այստեղ էք այնքան, որքան ցանկանան Հայաստանի իշխանութիւնները»:
«Մենք սկզբում ուշադրութիւն չէինք դարձնում, զարմանում էինք` ինչպէս կարող է այդպէս լինել, ինչպէս կարող են մեր հայրենի իշխանութիւնները չցանկանալ, որ մենք վերադառնանք: Բայց այսօրուայ տեսանկիւնից արդէն ամէն ինչ պարզ է:
«Ցաւօք, զարգացումները եւ այս դատավարութեան գործընթացը քաղաքական զարգացումներին, այդ թւում` Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համապատասխանեցնելու առումով մեզ այլ կարծիք չեն թողնում: Այդ կարծիքը դառնում է համոզմունք:
«Յատկապէս վերջին զարգացումների ֆոնին, երբ ղարաբաղցիների հասցէին իրականութեանը չհամապատասխանող յայտարարութիւններ են արւում: Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի, բայց երբեւէ առիթ կը լինի դրա մասին խօսելու:
«Բոլորի համար էլ պարզ է, թէ ով է մեղաւորը, ում գործունէութեան հետեւանքով է այս ամէնը տեղի ունեցել:
«Ինչեւէ, արդէն մօտ երեք տարի է մենք այստեղ ենք: Պիտի ասեմ` ոչ սկզբունքայնութիւնը, ոչ ողջախոհութիւնը, ոչ ոգու եւ ոչ կամքի ուժը մեզ չեն լքել եւ չեն դաւաճանել: Այսուհետ էլ այդպէս է լինելու:
«Ցաւալի է ինչ որ կայ, բայց մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը:
«Օգտուելով առիթից` շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, կառոյցներին եւ կազմակերպութիւններին, որոնք իրենց ջանքերն են գործադրել, որոշումներ են կայացրել եւ յայտարարութիւններ արել, որպէսզի մեզ անյապաղ ազատեն: Այդ բոլոր կառոյցներն ու անհատները համոզուած են, որ մենք անմեղ ենք եւ պէտք է վերադառնանք մեր ընտանիքների կողքը:
«Օգտւում եմ նաեւ առիթից` իմ ժողովրդին շնորհաւորելու Մայիսի 28ի կապակցութեամբ` Հայոց պետականութեան վերականգնման օրուայ առիթով:
«Մաղթում եմ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ: Պինդ եղէք: Առայժմ»: