Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը 5 Ապրիլին Ս. Էջմիածինի մէջ նախագահեց Ս. Յարութեան տօնի պատարագին: Ան այս առիթով արտասանուած պատգամին մէջ մասնաւորաբար ըսաւ.
«Նախընտրենք բարին ընդդէմ չարիքի, հաշտութիւնն ընդդէմ խառնակչութեան, ազնուութիւնը` ընդդէմ կեղծիքների ու խարդաւանքների, փոխադարձ յարգանքը` ընդդէմ անպատուութեան ու նենգադաւութեան:
Արցախեան ողբերգական պատերազմից տարիներ անց տակաւին մտահոգութիւնները չեն լքում մեր սրտերը: Մեր ժողովուրդը լաւագոյնս գիտի արժէքը խաղաղութեան ու անվտանգութեան, որի համար ազգիս զաւակները վճարել են իրենց կեանքով: Դեռ թարմ են մեր վէրքերը, որոնց ցաւն այսօր աւելի է խորանում արցախահայութեան իրաւունքների ոտնահարումով, պատանդառուած մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ:
Ցաւը խորանում է, երբ շարունակւում է սերմանուել պառակտումի որոմը, երբ անտեսւում ու խեղաթիւրւում են նուիրական արժէքները, երբ գործադրւում է կամայական ու ընտրովի արդարադատութիւն, եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանութիւնների կողմից բռնաճնշումներ են իրականացւում եկեղեցու նկատմամբ: Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզօր եւ աներեր:
Մինչեւ չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթօնք ու ծաղկում, առաջադիմութիւն ու բարօրութիւն անձնական ու հասարակական կեանքում:
Գերադասենք սէրը, համերաշխութիւնը, միասնութիւնը, որպէսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր յառնել մեզ պատուհասած նեղութիւններից ու դժուարութիւններից, ամրապնդել մեր պետականութիւնը եւ կերտել ազգի առաջընթացն ու բարգաւաճումը: Միշտ հաւատարիմ մնանք յարուցեալ մեր Տիրոջը»: