Թիֆլիսում ստեղծում է «Հայդուկի Երգեր» բանաստեղծութիւնների շարքը, որ հայ ֆետայական շարժման առաջին անդրադարձն էր հայ բանաստեղծութեան մէջ:
Իր գրական յաջողութիւնները, կուսակցական գործունէութեան հետ միաժամանակ բաւական մեծ ճանաչում են բերում իրեն, սակայն նա չի բաւարարւում ձեռք բերած յաջողութեամբ, գիտակցում էր բարձրագոյն ուսման կարեւորութեանը, յատկապէս՝ ազգային ազատագրական պայքարում: Եւ որոշում է մեկնել արտասահման՝ բարձրագոյն ուսում ստանալու:
1893թ. Իսահակեան մեկնում է Վիեննա, ուր մնում է մէկ ամիս, եւ որը իր թանգարաններով, արուեստի գործերով, քաղաքակրթութեան բարձրագոյն մակարդակով, յատկապէս Մխիթարեան միաբանութեան գործունէութիւնը այդ օտար երկրում, մեծ ազդեցութիւն է գործում իր ձեւաւորման վրայ:
Յետոյ մեկնում է Լայփցիկ՝ այնտեղ ուսում ստանալու: Դեռ Ճեմարանում նա ինքնակրթութեամբ սովորել էր գերմաներէն եւ ներքուստ երազել անպայման կրթութիւն ստանալ Կէօթէի, Պեթհովենի երկրում եւ բնականաբար առանց լեզուական դժուարութեան՝ կարողանում է անմիջապէս ուսման հետեւել:
Սակայն, դրամական սեղմ միջոցների պատճառով նա կարողացել է միայն որպէս ազատ ունկնդիր աւարտել Լայփցիկի գրականութեան, փիլիսոփայութեան, ազգագրութեան բաժինները: Եղբայրները դէմ լինելով իր ուսումին՝ ընտանիքին պատկանող ջաղացքից իր բաժին եկամուտը արդարօրէն եւ ժամանակին չեն ուղարկել իրեն, բնականաբար այդ օտար երկրում 19-ամեայ երիտասարդը նիւթական ծանր վիճակներ է ապրել, որի մասին տեղեկանում ենք իր «Յիշատակարան»-ի գրառումից. «Այս ի՞նչ տեսակ անտանելի դրութեան մէջ եմ ընկել: Օտար տեղ, ոչ ոք վրաս ուշք չի դարձնում, շորերս մաշուած, պարտքի տակ, տնից ոչ մի նամակ»:
Լայփցիկում ուսանելու տարիները նշանակալից հետք են թողել իր ե՛ւ մարդկային ե՛ւ մտային ձեւաւորման վրայ:  Մեծ ընտանիքում մեծացած, մանկուց հասարակական գործունէութեան սովոր իր բնաւորութեամբ շուտով միանում է համալսարանի Հայ Ուսանողների Միութեանը, որի մասնակիցները նոյնպէս իր նման հայրենիքի տարբեր տեղերից եկած հայորդիներ էին, եւ որոնք իր նման հայութեան հետագայ մեծութիւններն էին դառնալու՝ Կարապետ Մելիք Օհանջանեան, Գէորգ Չէօրեքչեան, Լեւոն Շանթ, Մանուկ Աբեղեան եւ շատերը:
Իսահակեան որքան էլ լաւ է զգացել համալսարանի գիտական մթնոլորտում,  միաժամանակ պաշտելի մօր կարօտը շատ է տանջել իրեն, այնտեղ էլ ստեղծել է «Նուէր Մայրիկիս» հանրայայտ բանաստեղծութիւնը.
«Հայրենիքէս հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունեմ,
Ազիզ մօրէս բաժանուել եմ,
Տխուր-տրտում, քուն չունեմ»:
Որքան էլ յափշտակուել է գիտութեամբ, ներսից հայրենի երկրի կարօտը կրծել է իրեն: Լայփցիկի կանաչապատ դաշտերում հայրենի երկրի դաշտերը երազել, նրա առօրեայով է ապրել եւ այդ օրերին ստեղծել է՝ «Մաճկալ Ես, Բէզարած Ես» բանաստեղծութիւնը:
Ազդուած գերմանացի մեծութիւնների՝ Կէօթէի, Հայնէի, Նիցչէի, Վակների, Պեթհովենի ստեղծագործութիւններից, ապրելով նրանց երկրում, իրենց լեզուով ծանօթանալով նրանց ստեղծագործութիւններին, նրանց մշակոյթին, աւելի համարձակ մտածողութիւն է ձեռք բերում, աւելի վստահ՝ իր համոզումներին, իր ներշնչումին: Վկան՝ այդ օրերին ստեղծած «Ես Ժայռի Նման Կանգնած Եմ Ամուր» իր յայտնի բանաստեղծութիւնը, որն ինքնահաստատման ազդարարումը լինէր կարծես, եւ որը իր կենսագրութեան հիմնաքարը դարձաւ: Հայրենի ժողովրդի ամենածանր պահին իր ժողովրդի յենարանը, չխորտակուող ժայռը դարձաւ:
«Ինձնից բռնեցէ՛ք խորտակուող մարդիկ,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
Ձեր խարիսխները ոտքիս տակ ձգէ՛ք,
Ես ժայռի նման կանգնած եմ ամուր»:
1894թ. վերջին Իսահակեան, թէեւ Գերմանիայում է, սակայն շարունակում է ապրել հայրենի երկրով, յատկապէս՝ Արեւմտահայաստանի լուրերով: Գերմանական թերթերը իրերայաջորդ հաղորդում էին Սասունի կոտորածի լուրերը, Իսահակեան իր հանգիստն ամբողջովին կորցրած՝ գրում է. «Գերմանական թերթերը տաճիկի կողմն են պահում: Անտանելի մարդիկ են գերմանացիք, զգացում չունեն, փողասէր… գազան, գազան մարդկութիւն: Իսկ Եւրոպան ուրախանում է, նա իր շահերի օգուտն է տեսնում, ծափահարում է տաճիկին: Թու, թքել եմ Եւրոպայի եւ իր եսական կուլտուրայի վրայ»:
Սա 19-ամեայ երիտասարդի անզօր, ցաւոտ հոգու պոռթկումն է, իսկ հետագայում, իր ժողովրդի վերջնական կոտորածի ժամանակ էլ աւելի ցասումնալից խօսքեր է ուղղելու Եւրոպային եւ ընդհանրապէս քաղաքակիրթ մարդկութեան:
«Ասա՛ մեզ, Եւրոպ, ո՞ւր ես շտապում
Ձեռներդ ներկած հայի արիւնով,
Դու յօշոտեցիր Սուրբ Հայաստանը,
Այժմ ո՞ւր ես փախչում արնոտ ձեռքերով»:
Լայփցիկեան շրջանի թէ՛ իր մտքերը, թէ՛ բանաստեղծութիւնները կարծես որոնման, ինքնագիտակցութեան, նոր մտայղացումների շրջան է եղել իր համար, ուր կարդում ենք. «Ես ուզում եմ ջնջել սուտն ու տգեղը, ուզում եմ ստեղծել մի ողջ աշխարհ, ուր ծաղկում է անհուն սէրը»:
Այդ շրջանի բանաստեղծութիւններում կրկին հայրենի  երկրի կարօտն է՝ «Գիշերն Եկաւ, Զով-Հովն Ընկաւ», «Կենսական Ծովի Յոյզերի Միջից», իր երբեք չխամրած սէրը Շուշիկի հանդէպ:
Երկու տարի յետոյ, 1895թ. Իսահակեան վերադառնում է հայրենիք, եւ ահա թէ ի՛նչ է գրում իր «Յիշատակարան»-ում.
«Վաղը գնում եմ Հայրենիք, սիրելի Կովկաս, Արագած, մայր, ընկերներ եւ Շուշիկ…  Երկու տարի կուշտ եւ սոված ապրեցի, շատ բան սովորեցի եւ շատ բան էլ մոռացայ, բայց բարոյապէս շատ տուժեցի: Թողեցի Եւրոպայի կեղեւը եւ ընդունեցի հայրենիքինս-ազատ եւ արձակ: Բովանդակութիւնս համաշխարհային է: Անցեալում ես այլ մարդ էի, նա Աւ. Իսահակեանը չէր. այժմ ես եմ իմ գլխի տէրը, այժմ ես Աւետիք Իսահակեանն եմ»:
Այսպէս հաստատուն, անյագ կարօտով մտնում է տուն, շարունակում իր ընդհատուած կեանքը հայրենի բնութեան մէջ, իր յաճախակի այցելութիւնները Անի, որը մօտ էր իր ծննդավայրին, հիանում նրա անձեռակերտ շինութեամբ՝ արդէն տարբեր կոթողներ տեսածի, կրթութիւն ստացածի աչքերով գնահատելով այդ գեղեցկութիւնը, ագահօրէն լրացնելով պատանեկութեան շրջանում բաց թողածները:
Սակայն ժամանակները քաղաքական առումով փոխուել էին, ալեկոծումի մէջ էր ողջ Արեւմտահայաստանը, տեղի ունեցող կոտորածներն ու ազատագրական շարժումները հանգիստ չէին տալիս նաեւ իրեն:
Դեռ Թիֆլիսում Թումանեանի, Ղ. Աղայեանի հետ սկզբում միանալով Հնչակեան կուսակցութեանը՝ որպէս ձեւաւորուած եւ ճանաչում ձեռք բերած յեղափոխական կուսակցութեան, ցարական հետապնդման մէջ է եղել: Ցարական հայահալած քաղաքականութիւնը բացայայտօրէն սկսել էր մտաւորականների հետապնդումները, ձերբակալութիւնները: 1896 թ. դեռ իր կարօտը չառած հայրենի տանից՝ Իսահակեանն էլ ձերբակալւում է իր յեղափոխական հայեացքների համար եւ բանտարկւում Երեւանի Զանգուի ափին գտնուող բերդում:
Սակայն բանտը չի ընկճում հոգով իր համոզումներին եւ իր երկրին ամուր կառչած երիտասարդին, իր ժողովրդի ազատագրման ելք գտնելու մասին մտածումների հետ միաժամանակ, շարունակում է նոյնիսկ բանտում ստեղծագործել:
Մէկ տարի բերդում բանտարկութիւնից յետոյ ազատ է արձակւում եւ գրում է. «Նոր կեանք՝ մի տարի մեռելութիւնից յետոյ»: Որոշ ժամանակ անց հրատարակում է «Երգեր Ու Վէրքեր» բանաստեղծութիւնների փոքրիկ ժողովածուն, որը այդ անհանգիստ օրերին ժողովրդի սրտից բխող խօսք է դառնում, որն անմիջական ճանաչում, բանաստեղծի համբաւ է բերում իրեն: «Դարս Լացէք Սարի Սմբուլ», «Սեւ Աչերէն Շատ Վախեցիր», «Ալագեազի Մանիներ» շարքը եւ այլն:
 «Սեւ-մութ ամպեր ճակտիդ դիզուան,
Դուման հագար, Ալագեազ,
Սրտումս արեւ էլ չի ծաղկում,
Սիրտս էլ դուման, Ալագեազ…»:
Բանտից ազատուելուց յետոյ կրկին մեկնում է Թիֆլիս, իր ստեղծագործական եւ հասարակական գործունէութիւնը շարունակում այնտեղ, սակայն, ինչպէս երեւում է, ցարական հետախուզութիւնը շարունակում էր հետամուտ լինել իրեն, եւ նա կրկին յայտնւում է բանտում, այս անգամ՝ արդէն Թիֆլիսի Մետեխի բանտում:
Մեծ երաշխաւորագնով եւ բարեբախտաբար, աքսորի տեղ ընտրելու իրաւունքով ազատւում է բանտից հետեւեալ վճռով. «Հայ-թուրքական գործերով դատապարտուած Իսահակեան մէկ տարով աքսորւում է Օտեսա»:
(Շար. 2)
Դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան