«Ես պիտի մտնեմ մեր կեանքը մի գիսաւոր աստղի պէս,
պիտի երգեմ, քարոզեմ, բարկանամ, լամ, վառուեմ…»։
ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ
Հազուադէպ է պատահում, որ փոքր ազգի ստեղծագործողը 150 տարի շարունակի ապրել իր ժողովրդի կեանքում, ձուլուի նրա առօրեային, դառնայ երգ նրա շուրթերին, դառնայ սթափեցնող ահազանգ՝ քայքայման պահին, սփոփանք՝ որդեկորոյս մայրերին, դառնայ յաղթութեան ղօղանջ՝ նրա անկման պահին:
Մեր ժողովուրդը այն երջանիկներից է, որ ողողուած է այսպիսի բացառիկ տաղանդներով, որոնց հազարամեակ, հարիւրամեակներն իրար են յաջորդում միշտ՝ Նարեկացի, Քուչակ, Սայաթ Նովա, Թումանեան, Կոմիտաս, Տէրեան, Իսահակեան, Վարուժան, Սիամանթո, շարքը երկար է, որոնց ստեղծագործութիւնները ոչ թէ անցեալ են, այլ՝ միշտ ներկայ:
Զարմանալի մի զուգադիպութեամբ, ներքին մի խորհուրդով, մեր երկրի այս վտանգուած շրջանին համընկաւ ծննդեան 150-ամեայ յոբելեանը մեր այդ մեծութիւններից բանաստեղծ, փիլիսոփայ, ազգային գործիչ, թարգմանիչ, ակադեմիկոս, պետական մրցանակների դափնեկիր՝ Աւետիք Իսահակեանի, որի ողջ կենսագրութիւնը կապուած է իր երկրի եւ ժողովրդի լինել-չլինելու վերիվայրումների հետ, եւ այս ճակատագրական օրերին իր յոբելեանը յաւելեալ անգամ հաստատում է երբեք չխամրած իր միաձոյլ կապը իր ժողովրդի եւ երկրի հետ:
Այլ հանգամանքներում, ազգային պետականութեան ներկայութեան դէպքում, անշուշտ մեծ շուքով պիտի նշուէր իր այս յոբելեանը, ինչպէս առաջներում էր, սակայն երբ այսօր մեր երկիրը զրկուած է ազգային իշխանութիւնից, իմ պարտքը համարեցի այս սեղմ գրութեամբ իմ խորին երախտագիտութիւնն ու սէրը յայտնել մեր մեծ պոէտին, որի հայրենասիրութեամբ սնուել, մեծացել ենք, եւ որի իմաստուն կանխագուշակումները տեսնում ենք այսօր իրականութիւն են դարձել:
Իսահակեանն իր ողջ կեանքը, 19-րդ դարավերջից սկսած ամբողջ 20-րդ դար, ապրեց տարբեր երկրներում, քաղաքական տարբեր եւ յատկապէս իր ժողովրդի ճգնաժամային շրջաններում, միշտ անհանգիստ, մինչեւ վերջ իր ժողովրդի, իր հայրենի երկրի մտահոգութիւններով եւ ամենադժուարին շրջանում չդիմանալով հայրենի երկրի կարօտին՝ վերադարձաւ, իր մոգական ազդեցութեամբ դարձաւ հայոց հոգեկան կեանքի ամրոցը, հայ լեզուի պաշտպանը, ուղղորդեց իր ժողովրդին թէ՛ հայրենի երկրում, թէ՛ արտասահմանում, կրթեց հայրենասէրների մի ողջ սերունդ:
Դարձաւ հայրենասիրութեան խորհրդանիշ, եւ թւում էր, թէ իր մասին հայ եւ օտար մեծութիւնների կողմից գրուած հարիւրաւոր մեկնաբանութիւններով ու գնահատանքի խօսքերով, իր ստեղծագործութիւնների ակադեմական նորանոր հրատարակութիւններով պիտի աւարտուէր հետաքրքրութիւնը իր անուան եւ իր ստեղծագործութիւնների շուրջ, սակայն 21-րդ դարում իր ծննդեան 150-ամեակի նշումը, նոյնիսկ իր տողերի նոյնքան այժմէական հնչող մարգարէութիւնը՝ «Ես ձեզ ասում եմ, կը գայ ոգու սով», զարմանալիօրէն՝ աշխարհի այսօրուայ ներկայ վիճակը բնութագրող, բնականաբար հաստատումն է՝ իր իմաստութեան, իր իւրայատուկ տաղանդի, խորունկ փիլիսոփայութեան, նաեւ՝ իր անուան հանդէպ ժողովուրդի ցուցաբերած անմնացորդ սիրոյ:
30 Հոկտեմբեր 1875-ին, Ախուրեանի ափին՝ Ղազարապատ գիւղում (Ալեքսանտրապոլ, այժմ՝ Կիւմրի) Սահակ եւ Ալմաստ Իսահակեանների սիրով լի ընտանիքում ծնւում է եօթերորդ զաւակը՝ Աւետիքը, որը երջանիկ, անհոգ մանկութիւն է ապրում, Արագած լեռան գեղեցկութիւնն ու նրա ստորոտում փռուած դաշտերի անսահմանութիւնը վայելելով: «Սիրելագոյն Շիրակն ինձ համար տիեզերքի կենտրոնն է եղել, որովհետեւ այստեղ է սկսել բաբախել իմ սիրտը», գրել է նա:
Հայրը իր հօրից ժառանգած ջրաղաց է ունեցել, որն էլ ապահովել է ընտանիքի բարեկեցիկ կեանքը:
Սկզբնական կրթութիւնը ստացել է տեղի ծխական դպրոցում, իսկ երբ ցարական կառավարութեան հրամանով 1885թ. փակւում են հայկական դպրոցները, Իսահակեան ստիպուած՝ ուսումը շարունակում է քաղաքային դպրոցում ռուսերէնով, միայն կրօնի դասը հայերէնով: Շատ վաղ տարիքից՝ 11-12 տարեկանից, սկսել է բանաստեղծական իր փորձերը, մեծ սէր ունեցել ուսման հանդէպ: 15 տարեկանին յաճախել է Էջմիածնի Գէորգեան Ճեմարան, որտեղ եւ ստացել է հօր անակնկալ մահուան լուրը:
Հօր մահից յետոյ բազմանդամ ընտանիքի հոգսն ու կառավարումը ընկնում է մօր ուսերին: Մայրը՝ Ալմաստը, որին Ապլա են անուանել, շատ կարող, իմաստուն, անչափ բարեսիրտ կին է եղել եւ առանձնակի կապուածութիւն է ունեցել զաւակներից (5 որդի, 2 դուստր) ամենափոքրի՝ Աւետիքի հետ: Աւետիքն էլ պաշտամունքի հասնող սիրով կապուած է եղել մօրը, սակայն դէպքերի՞, թէ ճակատագրի՞ բերումով, յատկապէս ուսման համար, Աւիտիքը միշտ ապրել է մօրից հեռու: Երկուսի համար էլ փոխադարձաբար ծանր է եղել այդ բաժանումը: Պատահական չէ, որ իր ստեղծագործութիւններում առանձնակի տեղ է գրաւում կարօտով լի մայրական սէրը, մօրը նուիրած իր տասնեակ բանաստեղծութիւններն ու գրութիւնները: «Միայն մայր ունենալու համար արժէր աշխարհ գալ», այսպէս է արտայայտել պաշտամունքի հասնող իր զգացումը մօր հանդէպ: Իսկ իր հռչակաւոր «Աբու Լալա Մահարի» պոէմում ամէն ինչ մերժած բանաստեղծը միայն մօրն է մեծարում:
«Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ,
Դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ»:
Փոքր տարիքից բաժանման ծանր վիճակը, որն ապրել են երկուսով, իմաստ ու բացատրութիւն, նաեւ մի տեսակ ներողամտութիւն հայցող արդարացում է դարձրել իր բանաստեղծութիւնում, ուր մայր եւ հայրենիք իր համար ձուլուած են իրար.
«Ազիզ մերի՜կ, քեզի թողի,
Դարդ ունէի, դուրս ընկայ,
Սուրբ վաթանիս ժողովրդի
Ձենը կանչեց, դուրս ընկայ»:
Գէորգեան Ճեմարանում իրենց վիճակի բարելաւման համար աշակերտների ըմբոստացմանը մաս կազմելու մեղադրանքով շատերի հետ Իսահակեանին էլ վտարել են Ճեմարանից: Դեռ պատանի՝ 15 տարեկան, դառնացած սրտով հեռացել է Ճեմարանից, վերադարձել է տուն:
16 տարեկանին սիրահարւում է իրենց ազգականներից Շուշանիկ Մատակեանին՝ արտակարգ գեղեցկութեամբ, սեւ, գերող աչքերով այս պարմանուհին, որն ընդամէնը մէկ տարով էր փոքր իրենից, ամբողջովին գրաւում է իրեն: Զգացումը կարծես փոխադարձ է, անվերջ քառեակներ է նուիրում նրան, նամակներ են գրում իրար.
«Շուշան աղջիկ, քու գերին եմ,
Կալ ու կապուած անշղթայ,
Սիրտս վառուաւ սիրուդ բոցէն,
Պապակ-ծարաւ էրուեցայ»:
Գիտութեան, ուսման սիրահար լինելով՝ զգում է, որ պէտք է շարունակի իր ուսումը, մասնագիտութիւն ձեռք բերի, դիմում է Ճեմարան՝ իրեն ետ ընդունելու, ընդունում են: Մտքով առաջադէմ լինելով, հինգերորդ դասարանում դասաւանդումը իր համար անբաւարար նկատելով, գրականութեան նուիրուելու յստակ որոշումով, հազիւ տարին աւարտած՝ մեկնում է Թիֆլիս: Այդ ընթացքում մեր բանաստեղծի սէրը Շուշիկի կողմից ընդհատւում է, Շուշիկ ամուսնանում է: Իսահակեան անչափ ծանր է տանում այդ անպատասխան դարձած սէրը իր ողջ կեանքում, այդ մասին կարդում ենք իր «Յիշատակարան»-ի տարբեր տարիների գրառումներում, ուր անվերջ իր մերժուած սիրոյ ապրումներն է նկարագրում: Այդ սիրոյ ակունքից եկող զգացումները նա դարձնում է իր սիրային քնարերգութեան հիմքը, որոնցից շատերը միաժամանակ վերածւում են մինչ օրս հնչող ժողովրդական երգերի.
«Սիրեցի եարս տարան,
Եարայ տուին ու տարան,
Էս ի՜նչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան»:
կամ՝
«Տես իմ սիրտըս – արուն ծով է.
էն չարքերը զարկեցին,
էն օրուանէն դադար չունիմ,
Սեւ աչերը մի՛ սիրէ…»:
Հոգեկան այդ ծանր ապրումների շրջանում Թիֆլիսը շրջադարձային փուլ է դառնում իր հոգեկան ապրումներում: Առաջին անգամ միայնակ մեծ քաղաքում է, ռուսական կայսրութեան ամենածաղկուն կենտրոնում, ուր հաստատուել էին նաեւ՝ հայկական հրատարակութիւնները, մշակութային կրթական լաւագոյն հաստատութիւնները, ՀՅԴ, հասարակական կազմակերպութիւնները, այս ամէնը արթնացման, ինքնաճանաչման միջոց են դառնում իր համար: Այդտեղ նա ծանօթանում է հայ մեծութիւններից շատերին, եւ որոնց հետ իր մտերմութիւնը շարունակում է իր կեանքի ողջ ընթացքում, որոնց մէջ աչքի է ընկնում յատկապէս Յ. Թումանեանի հետ իր մտերմութիւնը: Թիֆլիսը միաժամանակ կեանքի մեծ փորձառութեան հետ իրեն հնարաւորութիւն է տալիս՝ բանաստեղծի անուն վաստակելու, իր գործերը հրատարակելու, ճանաչում ձեռք բերելու:
(Շար. 1)
Դոկտ. Մարի Ռոզ Աբուսէֆեան