ՀԲԸ Միութեան Գահիրէի «Տիգրան Գէորգեան» գրադարանին մէջ
կը գտնենք մեքենագրուած յօդուած մը, որ կը կրէ վերի խորագիրը եւ հեղինակին անունը՝ Արա Սարգսեան1:
Թուագրուած 7 էջեր, որոնք ունին նաեւ տիտղոսաթերթ մը, «Արտասահմանեան երկրների հետ բարեկամութեան եւ Կուլտուրական կապի Հայկական Ընկերութիւն» գլխադիրով: Գրուած է Երեւան, 1963 թուականին:
Այս յօդուածը կը ներկայացնէ ո՛չ միայն գրեթէ մոռցուած գեղանկարիչ Սարգիս Խաչատուրեանի կեանքը, այլեւ լայնօրէն կը խօսի անոր մէկ կարեւոր իրագործումին մասին, որուն նուիրուած են անգլերէն երկու գիրքեր, 20-րդ դարու կէսերուն.
1-«Indian Murals and Sarkis Katchadourian», David Olen, New York, 1942
2 Mario Bussagli, 1957 (գրքոյկին անունը չէ ըսուած)
Յօդուածը իր հետաքրքրականութեան համար կը ներկայացնենք, որոշ յապաւումներով եւ օտար բառերը հայացնելով:
«Տաղանդաւոր նկարիչը իր առողջութիւնը կորցնելու գնով երկար տարիներ աշխատեց սկզբում Իրանի (1930 թուականից) եւ ապա Հնդկաստանի (1937 թուականից) տաճարներում, կրօնատեղիներում եւ քարայրներում, վերականգնելով եւ արտանկարելով հնդկական որմնանկարչութեան այնպիսի հազուագիւտ եւ բարձրարուեստ նմոյշներ, որոնք ունեն համաշխարհային նշանակութիւն: Ս. Խաչատուրեանը այդպիսով ստեղծեց մի հաւաքածոյ, որ նոր էջ բաց արեց որմնանկարչութեան պատմութեան մէջ: Մասնագէտներին գրեթէ անծանօթ այդ գործերի հանդէս գալը եւ նրանց ցուցադրումը Հնդկաստանի մի շարք քաղաքներում, Եւրոպայում եւ Ամերիկայում, անակնկալ մի յայտնութիւն էր, որն իր վրայ հրաւիրեց աշխարհի արուեստասէր հասարակութեան հետաքրքրութիւնը: Նրանց ուսումնասիրութեամբ սկսեցին զբաղուել աշխարհի յայտնի արեւելագէտներ, գեղագէտներ, արուեստագէտներ ու պատմաբաններ: Մեծարժէք այդ ստեղծագործութիւններու վերարտադրմամբ, մեր տաղանդաւոր հայրենակիցը համաշխարհային կերպարուեստի առաջ անգնահատելի ծառայութիւն մատուցեց, լոյս աշխարհ բերելով քարայրների խաւարի մէջ դարեր շարունակ թաղուած որմնանկարչութեան գլուխ գործոցներ»:
«Ս. Խաչատուրեանից առաջ շատերն են փորձել վերականգնել եւ արտանկարել այդ աշխատութիւնները, սակայն նրանցից եւ ոչ մէկը մինչեւ վերջ չի դիմացել քարայրների ծանր պայմաններին. բացի այդ, նրանցից եւ ոչ մէկին յաջողուել է պահպանել որմնանկարների ոճական ինքնատպութիւնը, գծանկարը, գունային հարուստ գունաշարը, կերպարների նկարագրերը եւ վերջապէս՝ հնդկական որմնանկարի ազգային առանձնայատկութիւնն ու ոգին: Միայն Ս. Խաչատուրեանին է յաջողուել բարձր վարպետութեամբ պահպանել այդ ամէնը. նա չի արտանկարել մեքենականօրէն, այլ վերստեղծել է եւ վերակենդանացրել այդ գործերը, հարազատ մնալով բնագրերին: Իսկ արտանկարումների համար պայմանները իսկապէս որ եղել են խիստ անբարենպաստ: Քարայրների խոնաւութիւնը, բնական լոյսի պակասը եւ կերպագիտական (technical) այլ յարմարութիւնների բացակայութիւնը շատերին վանել են այդ վայրերից: Ս. Խաչատուրեանը այդ բոլորը յաղթահարելուց  բացի, գտել է նաեւ այլ միջոցներ. նա մի քանի հայելիների արտացոլումներով բնական լոյսը փոխադրել է քարայր, ճշդելու եւ գտնելու համար գոյների ուժգնութիւնը, ճշգրիտ գծանկարը եւ շատ այլ մանրամասներ»:
«Հնդկաստանի արուեստների յայտնի տեսաբան եւ քննադատ Ա. Կ. Կոմաբասաուամին, բարձր գնահատելով Ս. Խաչատուրեանի կատարած հսկայական աշխատանքը գրում է այն մասին, որ շատերի մէջ միայն
Ս. Խաչատուրեանին յաջողուեց լաւագոյն կերպով թափանցել հնդկական վարպետների ստեղծագործութիւնների ոգու մէջ, երբեք չիջեցնելով նրանց գեղարուեստական արժէքն ու որակը: Սարգիս Խաչատուրեանը ամէն դէպքում յայտնաբերելով ստեղծագործական մօտեցում, որպէս իսկական արտիստ, վերստեղծել է այդ բոլորը: Հնդիկ գեղագէտը գրում է, որ
Ս. Խաչատուրեանի կտաւները միանգամայն հարազատ են որմնանկարների ոճին, ոգուն, արտայայտչական ձեւերին. Նրանք այնքան են ճշմարտացի ու հարազատ, որ ուսումնասիրողների համար կարող են ազատօրէն փոխարինել բնագրերին»:
«Ս. Խաչատուրեանը Հնդկաստանում եւ Ցէյլոնում նկարել է շուրջ յիսուն որմնանկար, որոնցից թուով ամենաշատը (16 նկար) Աճանտայում. դրանցից են «Պուտտայի Փոփոխութիւնը», «Գանդհարվան եւ Աբսաբասը», «Պարուհին», «Կանացի Ֆիկուր», «Իշխանուհին եւ Իշխանը Պալատում», եւ այլն: Տասը որմնանկար («Պարի Տեսարան», «Բոդիսատվան», «Երեխաների Երթը» եւ այլն) նա նկարել է Բագում. Մնացածը նա վերստեղծել է Բադամիում, Սիտտանավասլում, Սիճիռիայում, Պոլլոնավուռայում եւ այլուր»:
«Այդ հազուագիւտ հաւաքածոն, հնդկական որմնանկարների գեղարուեստական բարձրագոյն այդ գանձը այժմ գտնւում է
Ս. Խաչատուրեանի այրիի՝ նկարչուհի Վավա Խաչատուրեանի մօտ: Նա որպէս հայրենասէր կին, երկար տարիներ պահպանել ու փայփայել է ամուսնու թողած ժառանգութիւնը, յոյսով որ մի օր բախտ կը վիճակուի այս ցուցադրել մայր երկրում՝ Հայաստանում: Այդ նոյն ցանկութիւնն ունեցել է նաեւ տաղանդաւոր նկարիչը, սակայն վաղաժամ մահը խափանել է այն»:
«Համառօտակի մենք կանգ առանք նկարչի ստեղծած հնդկական որմնանկարների վրայ, այն նկատառումով, որ հայ մամուլում այդ մասին, շուրջ քսան տարի գրեթէ խօսք չի ասուած եւ այդ պատճառով էլ համաշխարհային նշանակութիւն եւ արժէք ունեցող ստեղծագործութիւնների այդ շարքը անծանօթ է ոչ միայն մայր երկրի աշխատաւորութեանը, այլ եւ սփիւռքահայութեանը: Մեր նպատակն է, գուցէ եւ ուշացած ծանօթացնել բոլորին նկարչի թողած ժառանգութեան հետ, արուեստասէրների մէջ՝ առաջացնել հետաքրքրութիւն դէպի այդ մեծ գործը, եւ կոչ անել, հնարաւորութեան դէպքում, սկսելու հաւաքածոյի ցուցադրումները հայրենիքում եւ սփիւռքում»:
«Ականաւոր նկարիչ Սարգիս Խաչատուրեանի մասին, որպէս հայ գեղանկարչութեան վարպետներից մէկի մասին, մենք այս անգամ հնարաւորութիւն չունեցանք հանգամանօրէն խօսելու, քանի որ մեր յօդուածի զգալի մասը նուգիրեցինք նրա կեանքի վերջին տասնամեակին: Մինչդեռ Սարգիս Խաչատուրեանի ստեղծագործական լայն ու բեղմնաւոր գործունէութիւնը, սկսած առաջին իսկ քայլերից, եղել է շատ աւելի բազմակողմանի, քան վերջին տասնամեակինը, քանի որ այն սերտօրէն կապուած է հարազատ ժողովրդի կեանքի, նրա իղձերի ու յոյզերի, ինչպէս նաեւ հայրենի բնաշխարհի հետ: Նրա ստեղծագործութիւնների մեծագոյն մասում տեղ են գտել հայ աշխատաւորների անցեալի չարքաշ կեանքը. 1915-1920 թուերին հայ ժողովրդի կրած տառապանքներն ու թշուառութիւնը, տեղահան արուած հազարաւոր անտուն ու թափառական գաղթականների անօգնական վիճակը: Չնայած այդ թեմաների ողբերգականութեանը, նրա գրեթէ բոլոր ստեղծագործութիւնների միջից անցնում է մի տրամադրութիւն՝ նկարչի լաւատեսական ոգին: Այդ նկարները ողողուած են մեծ մասամբ արեւի պայծառ լոյսով, գունագեղ եւ եւ օպտիմիստական: Նկարիչը այդ տառապանքների միջից կարծես տեսնում էր տանջուած հայ ժողովրդի վառ ու երջանիկ ապագան: Նա անհունօրէն հաւատում էր ժողովրդի ազատասիրական ոգուն, աննկունութեանը, երկարակեցութեանն ու յաւերժութեանը:
Ս. Խաչատուրեանը, սկսած 1914 թուականից, իր աշխատութիւններով մասնակցել է Եւրոպայում, Անդրկովկասում, Եգիպտոսում, Ամերիկայում կազմակերպուած մի շարք ցուցահանդէսների, իսկ անհատական ցուցահանդէսներ նա կազմակերպել է Գահիրէում, 1922-ին, Վիեննայում 1923-ին, Փարիզում եւ Պրիւքսէլում 1924-ին, Անտվերպէնում եւ Լոնտոնում 1925 թուականներին: Նրա ստեղծագործութիւնների մասին բարձր խօսք են ասել բազմաթիւ անուանի քննադատներ, խստապահանջ գեղագէտներ. Դրանցից այստեղ կը յիշատակենք անգլիացի աշխարհահռչակ նկարիչ Ֆրանք Պրանքուինի կարծիքը: Ահա թէ ի՛նչ է գրում նա.
«Ս. Խաչատուրեանի նկարների ցուցահանդէսը Լոնտոնում ինձ համար հրճուանք էր, միաժամանակ եւ մի յայտնութիւն: Մինչ այդ ինձ դեռ չէր վիճակուել այդպիսի ուժով եւ ներթափանցմամբ տեսնել Հայաստանի վայրերն ու տիպերը: Տեսնելով այդ կտաւները ես ցաւեցի, որ լիլենով Սեւ ծովում, չուղեւորուեցի աւելի հեռուները: Խաչատուրեանի զգայացունց ոգին կարողացել է որսալ այն ինչ վեհ է իր երկրի բնութեան մէջ, այն հովուերգականն ու հմայիչը, որ կայ նրա գեղջկական կեանքում, եւ այն տխրալին, որ կայ խեղճ գաղթականների ճակատագրում: Մենք արտիստին պարտական ենք այն բանում, որ նա մեզ ծանօթացրեց իր չքնաղ երկրի հետ, որի հմայքը մինչեւ այսօր չէր նկատուած եւրոպական նկարիչների կողմից…»:
«… անգնահատելի ու մեծ է Ս. Խաչատուրեանի ծառայութիւնը համաշխարհային կերպարուեստի մշակոյթի առաջ, շնորհիւ նրա վերստեղծած հնդկական որմնանկարների …»»:
1-Արա Սարգսեան մէկն է մեր ամէնէն նշանաւոր քանդակագործներէն. ծնած է Պոլիս 1902 թուականին: Յաճախեր է Կ.Պոլսոյ Գեղարուեստի վարժարանը, ապա շարունակած է ուսումը Վիեննայի գեղարուեստի ակադեմիայի բարձրագոյն դպրոցէն ներս: 1925 թուականին կը հաստատուի Երեւան եւ հիմը կը դնէ Հայաստանի Նկարիչներու Միութեան: Կը մահանայ 1969-ին: Իր գլխաւոր գործերէն են Յովհաննէս Թումանեանի եւ
Ալ. Սպենդիարեանի կոթողային քանդակները, Օփերայի հրապարակին մէջ:
Մարուշ Երամեան