“Երկիր”._ՀՀ ԱԳՆ-ն յայտարարութիւն տարածած է Ատրպէյճանի կողմէ հայ ռազմագերիներու նկատմամբ քրէական հետապնդման մասին։ Յայտարարութեան մէջ ըսուած է. «Խստօրէն դատապարտում ենք Ատրպէյճանի կողմից Արցախի դէմ սանձազերծուած վերջին յարձակումի ընթացքում գերեվարուած Լիւդվիք Մկրտչեանի եւ Ալիոշա Խոսրովեանի նկատմամբ պաշտօնական Պաքուի կողմից քրէական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրաւունքի, մասնաւորապէս` Ժնեւի համաձայնութեան՝ վերջիններս համարւում են ռազմագերի, որոնք ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ պէտք է անմիջապէս ազատ արձակուեն: Մինչդեռ, Ատրպէյճանը նրանց դէմ յարուցել է շինծու քրէական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերը եւ թէ 9 Նոյեմբերի 2020-ի եռակողմ կայտարարութեամբ ստանձնած իր պարտաւորութիւնները: Չնայած միջազգային հանրութեան բազմաթիւ կոչերին՝ Ատրպէյճանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպէս քաղաքական պատանդ եւ շարունակում է նրանց հանդէպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը: Հարկ ենք համարում ընդգծել, որ Ատրպէյճանն առ այսօր պատասխանատուութեան չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թւում՝ սպանութիւններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել եւ հրապարակայնացրել են իրենց ոճրագործութիւնները։ Պաշտօնական Պաքուն բացայայտօրէն արհամարհում է նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ատրպէյճանում գերեվարուած հայ զինուորականների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկատուութիւն տրամադրելու վերաբերեալ: Արդիւնքում, 9 Մարտ 2021-ին դատարանի կանոնակարգի 39-րդ յօդուածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէին իր կողմից Ատրպէյճանի դեմ ձեռնարկուած միջանկեալ միջոցների մասին: Ատրպէյճանում պատանդառութեան մեջ պահուող հայ ռազմագերիները եւ քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկէտներից եւ հանգամանքներից, պէտք է շուտափոյթ ազատ արձակուեն եւ հայրենադարձուեն առանց որեւէ նախապայմանի»: